«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուն: Պետք է ասել, որ վաղուց այսպիսի շքեղ և շքեղության մեջ զուսպ ու բարձրաճաշակ գիրք ինձ չէր հանդիպել: Սակայն ավելի զուսպ և բարձրաճաշակ են գրքում տպագրված բանաստեղծությունները, որոնք իրենց ինքնատիպ զգացողություններով և պատկերային մտածողությամբ ստեղծում են տոնական միջավայր ցանկացած ընթերցողի համար: Գիրքը խմբագրել են Հրաչյա Բեյլերյանը և Արքմենիկ Նիկողոսյանը, ձևավորումը կատարել է Մկրտիչ Մաթևոսյանը: Բայց գրքի տանող ուժն ու հմայքը գրքում տպագրված բանաստեղծություններն են, որոնք ոչ միայն կուռ են ու գեղեցիկ մասնագետի համար, այլև ցանկացած ընթերցողի, որ իր յոթերորդ զգայարանով զգում է, որ ինքը շփվում է մի անսովոր բանաստեղծական աշխարհի հետ, որ ստեղծել է մեր լավ բարեկամն ու գրչընկերը` Հակոբ Մովսեսը:
Որպեզի խոսքս չհնչի բարձրախոս և անապացույց, ասված հերթական մաղթանք ու ցանկություն, ես կփորձեմ վերլուծել և ներկայացնել առանձին հատվածներ առանձին բանաստեղծություններից, որովհետև անհնար է 340-էջանոց գրքից մեջբերումեր անել և բաց չթողնել մեկը մյուսից գեղեցիկ բանաստեղծություններ և բանաստեղծական կատարյալ հատվածներ այս հոդվածի սահմաններում:
Ցանկացած արվեստ, առավել ևս բանաստեղծությունը, ինքնատիպ զգացողություն է` արտահայտված ինքնատիպ արտահայտչամիջոցներով: Դա աքսիոմ է, որին չտիրապետողը չի կարող կատարյալ ստեղծագործել: Հակոբ Մովսեսի թե ինքնատիպ զգացողությունները, թե ինքնատիպ արտահայտչամիջոցները ամբողջ գրքից էջ առ էջ փոխանցվում են ընթերցողին իր ինքնատիպ պատկերների և փոխակերպումների (մետամորֆոզ) շնորհիվ:
Ես իմ բազեի աչքերը կապած`
Վարժեցրի ո՛չ տատրակ ու լորի,
Այլ մենակ կանգնած լույսին կրծքաբաց
Եվ կամարներին կապույտ եթերի:
Իր բազե-գրիչը ստեղծագործական որսի դուրս բերած բանաստեղծը, այնուամենայնիվ, գիտի մի ճշմարտություն.
Այն, ինչը թռավ, ինչը չի ասվում
Դա է բաժինը հմուտ որսորդի:
Բանաստեղծի սրատես աչքը կարող է տեսնել մայրական սիրո և մահը սնուցելու միջև բնության մեջ եղած հակասական կապը և տալ դրա բանաստեղծական արտահայտությունը.
Զգույշ քայլեք գայլի հետքով,
Այն նրա որջն է տանում,
Որ ձագերի հետ նա կրծքով
Մայրական ի՜նչ գորովանքով
Նաև մահվան է սնում:
Մեր դասական բանաստեղծներից շատերն են անդրադարձել գարնան գալուն, իբրև բնության զարթոնքի երևույթ: Սակայն նրանցից որքան տարբեր և նույնքան գեղեցիկ է պատկերել Հակոբ Մովսեսը.
Ապրիլին անցուդարձ էր, անձրևները գնում էին,
Ջրերը` գալիս,
Խոստումներ կային, որ ծաղիկներ պիտի բերվեն…
Սա Հակոբ Մովսեսի գարունն է, որ չես խառնի երբեք մեկ ուրիշի գարնան զգացողության հետ:
Ծաղիկների ծննդկաննե՜ր,
Ես ձեզ համար արդեն պատգարակներով բերվող
Յոթը մանկաբարձուհի եմ հրավիրել,
Իսկ ձեզ, անձրևնե՜ր,
Ես բոլորիդ
Անուններով գիտեմ:
Եթե Պարույր Սևակի համար բանաստեղծն Աստծո քարտուղարն է, ապա Հակոբ Մովսեսի համար.
Ես ասում եմ` բանաստեղծները Աստծո ոսկյա
Ջրանցքներն են, որոնցով նա իր ջրերն է
մեր դաշտերը մղում…
Բանաստեղծը, իբրև եղեռն տեսածների երրորդ սերունդ, իր նորովի վերաբերմունքն ունի պատմական հայրենիքի նկատմամբ.
Երբ մենք մտանք քաղաք,
Մեր մեռյալները մեզ դիմավորեցին թմբուկներով,
Երեխաները դեռ պառկած էին պարիսպների տակ։
Ես դիտմամբ եմ հեղինակից մեջբերումներ շատ անում, որովհետև ո՞վ ավելի լավ ու գեղեցիկ, պատկերավոր ու կարճ կարող է մատուցել միտքը և զգացողությունը, քան իսկական բանաստեղծը իր տողի և բանաստեղծության օգնությամբ: Հակոբ Մովսեսը թեև հակված է հանգավոր բանաստեղծությանը, սակայն նրա մոտ երբեք չես հանդիպի բռնահանգերի: Իր դասական չափ ու ձևի մեջ գրված բանաստեղծություններում բառի զգացողական և պատկերային լիցքը չի տուժում երբեք հանուն հանգի ու վանկի: Հակոբ Մովսեսի տաղանդը չի ստիպում նրա ստեղծագործությունները կաղապարել որևէ իզմի կամ նախասիրության մեջ և առանձնանում է իր ինքնատիպ բանաստեղծական տարածության մեջ, որը միայն իրենն է, իբրև հայրենիք և հայրենի տուն:
Սերգեյ ՎԱՐՈՍՅԱՆ